Ասորիները հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին Առաջավոր Ասիայում լայնորեն տարածված և գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է: Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև Հիսուս Քրիստոսը:
Ասորիները ներկայումս բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալների/ ՀԽՍՀ-ում: 2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքին: Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա, Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:
Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:
Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում` նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը: